Պատմությունը ծանր ռոքի հրեշների՝ Դիփ Փարփլի մասին




  Դիփ Փարփլը բրիտանական ռոք-խումբ է: Ստեղծվել է 1968 թ., Roundabout անվանմամբ։ Նույն տարվա ապրիլին վերանվանվել էԴիփ Փարփլ։ Մեծ ճանաչում ձեռք բերեց 1970 թ. "In Rock" ալբոմի թողարկումից հետո: Գոյություն ունի մինչ օրս, խմբի կազմում է նշանավոր երգիչ Յան Գիլլանը: Խումբը համարվում է 1970-ականների ամենահայտնի և ազդեցիկ խմբերից մեկը, որը մեծ ազդեցություն է թողել հետագա ռոքի հատկապես ծանր ուղղությունների վրա:
1967թ. երաժիշտ Քրիս Քերթիսը՝ որոշ հաջողությունների հասնելով, մտադրվեց մի նոր խումբ ստեղծել: Այսպես նա ծանոթացավ Ջոն Լորդի հետ, որը միջին կարգի մի խմբում ստեղնային գործիքների վրա էր նվագում: Նա Լորդին առաջարկում է միանալ մաս կազմել իր խմբին: Կիթառահար Ռիչի Բլեքմորը, որ աշխատում էր Գերմանիայի Համբուրգ քաղաքում, ևս ընդունում է Քերթիսի առաջարկը և վերադառնում Լոնդոն:
Քերթիսը, Լորդը, և Բլեքմորը հանդիպում են, մի քանի երգ պատրաստում, և հրավիրում են ապագա մենեջերներին` Տոնի Էդվարդսին և Ջոն Քոլլեթին՝ ունկնդրելու իրենց: Մենեջերները գոհ են մնում և սկսվում են նախապատրաստական աշխատանքները: Բայց շուտով Լորդն իր նախկին խմբի հետ մեկնում է շրջագայությունների, և երբ վերադառնում է՝ պարզվում է, որ Քերթիսը անհետացել է: Բլեքմորը նորից վերադառնում է Համբուրգ: Որոշ ժամանակ անց Էդվարդսն ու Քոլլեթը զանգահարում են Լորդին և Բլեքմորին և առաջարկում այնուամենայնիվ հավաքել խումբ: Լորդն ու Բլեքմորը համաձայնվում են:
Մի քանի տասնյակ թեկնածուների լսելուց հետո ընտրությունը կատարվում է հօգուտ Յան Փեյսի` հարվածային գործիքներ, Նիկ Սիմպերի` բաս կիթառ և Ռոդ Էվանսի` վոկալ: Տղաները, Լոնդոնից 40կմ հեռավորության վրա, գյուղում, վարձել էին մի տնակ իր մերձակա ամբարով, որպեսի փորձեր անցկացնեին: Խումբը դեռ վերջնական անուն չէր ընտրել: Տան սեղանի վրա թուղթ և գրիչ էր դրված և խմբի անդամները իրենց տարբերակներն էին գրում, մի առավոտ էլ թղթի վրա հայտնվեց Deep Purple (մուգ կարմիր, բոսորոգույն) անունը` գրված Ռիչի Բլեքմորի ձեռագրով: Այդ անունը խմբի բոլոր անդամներին դուր եկավ և որոշվեց խումբն անվանել Deep Purple:
Առաջին “Shades of Deep Purple” և երկրորդ “Book of Taliesyn” ձայնասկավառակները ոչնչով աչքի չընկան, թերևս միայն “Hush” ստեղծագործությունը “Shades of Deep Purple”-ից որոշ հաջողություն ունեցավ: Երրորդ ձայնասկավառակը “Deep Purple” 1969-ին, նույն բախտին արժանացավ: Թողարկումից հետո խումբը մեկնեց ԱՄՆ՝ համերգների:
Ռիչի Բլեքմորը, որը խմբի չհայտարարված առաջնորդն էր, դժգոհ էր այն երաժշտական ոճից, որը ընտրել էր խումբը: Ռիչին ավելի կողմնակից էր ծանր ռոքի: Երգիչ Ռոդ Էվանսը և բաս կիթառահար Նիկ Սիմպերը չէին համապատասխանում այդ ոճին և Բլեքմորը համաձայնության գալով Լորդի և Փեյսի հետ` որոշում է փոխարինել Էվանսին և Սիմպերին:
Խմբի նոր անդամներ են դառնում, Յան Գիլանը` վոկալ և Ռոջեր Գլովերը` բաս կիթառ: Նոր կազմով, խումբը կազմակերպում է համերգ, ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որի ամբողջ սյուիտը գրված էր Ջոն Լորդի կողմից: 1969-ին Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, Ալբերտհոլլիում տեղի է ունենում համերգը և թողարկվում է “Concert for Group and Orchestr” ձայնասկավառակը, որը դրական գնահատականի է արժանանում քննադատների կողմից:
Դիփ Փարփլի վերելքը սկսվում է 1970թ.՝ “In Rock” ձայնասկավառակով: Այս ձայնասկավառակը դարձավ հարդ ռոքի հենասյուներից մեկը: Ձայնասկավառակը, որը մի քանի շաբաթվա ընթացքում սպառվում է 1.000.000 թվաքանակով, խմբին դասում է մեծագույների շարքին: “Speed King”, “Into the Fire”, “Black Night”, “Child In Time” կոմպոզիցաները, խմբի ծանր ռոք ոճի ու կատարողական բարձր տեխնիկայի ապացույցներն էին` չափազանց հուժկու ռիթմը, Ռիչի Բլեքմորի կիթառային սոլո պարտիաները, ժամանակ առ ժամանակ առաջին պլան մղվող Ջոն Լորդի ստեղնային գործիքները և Յան Գիլանի բարձր ու ճկուն ձայնի մեծ դիապազոնը, որի սահմանները հասնում են մինչև երկրորդ օկտավայի “սի” հնչյունը:
Դիփ Փարփլը այն քիչ խմբերից էր, որ լուրջ ուշադրություն էր դարձնում երգի բառերին: Վիետնամում շարունակվում էր պատերազմը, բազմաթիվ մեծ ու փոքր այլ պրոբլեմներ էին ծառացած երիտասարդության առջև: Այս ամենը առաջացնում է բողոքի հուժկու ալիք, որին միանում է նաև Դիփ Փարփլը: Նրանց նշանավոր և լավագույն երգերից մեկը` “Child in Time” (Ժամանակի զավակը), վառ արտահայտված հակապատերազմական բռնությունի:

Սիրելի զավակ ժամանակի,
Կտեսնես սահմանագիծը, լավն ու վատը բաժանող,
Կտեսնես կույր մարդուն, աշխարհի վրա կրակող,
Սուրում են գնդակները, հունձ հավաքելով:
Եթե դու վատը լինեիր, մահը քեզ չէր հասնի,
Բայց դու փակիր աչքերդ, խոնարհիր գլուխդ և սպասիր
Երբ գնդակը քեզ կհանդիպի:

Երգը շարունակվում է, և բառերին փոխարինում է Գիլանի լացակումած ճիչը, հետո ստեղնային գործիքների և կիթառի ծանր “թանձրացող” ակկորդները: Ձայնասկավառակի թողարկումից հետո խումբը կրկին մեկնում է ԱՄՆ` համերգային շրջագայության:
Դիփ Փարփլը համերգներ է տալիս Քալիֆորնիայում, Արիզոնայում և Թեքսասում: Շրջագայության վերջին ելույթը, Ջազի ազգային փառատոնում պետք է կայանար: Համերգների ժամանակ վերջին ելույթը սովորաբար պատվավոր է համարվում, և այս անգամ այդ պատվին արժանացել էր Դիփ Փարփլը: Բայց Դիփ Փարփլի ելույթից առաջ, մենեջեր Տոնի Էդվարդսը իմանում է, որ այդ իրավունքը տվել են Yes խմբին: Խմբի անդամներին դա շատ զայրացնում է: Ռիչի Բլեքմորը որոշում է, ինչ էլ որ լինի չթողնել այդ: Նա բեմի աշխատակիցներին խնդրում է բեմի վրա բենզին լցնել, և երբ ինքը նշան տա, վառեն: Դիփ Փարփլը արդեն ավարտում էր իր ելույթը և Yes խմբի անդամները մոտեցել էին բեմին: Այդ միջոցին Բլեքմորի նշանով բեմը կրակի են տալիս: Անսպասելի կրակի ալիքը Yes խմբի անդամներին հետ է շպրտում, իսկ Դիփ Փարփլը շարունակում է ելույթը: Մի պահ Ռիչին ինքն է բռնկվում կրակով, բայց կարողանում է հանգցնել: Կիթառը ծխում էր, և Ռիչին ծնկի է իջնում և շարունակում նվագելը, ատամների արանքից մռթմռթալով. - “Մենք վերջինը պետք է ելույթ ունենայնք և այդպես էլ կլինի”:
Բլեքմորի սարքած շոուն տպավորիչ էր, բայց անարդյունավետ: Yes-ը այնուամենայնիվ, որոշ դադարից հետո ելույթ ունեցավ և եզրափակեց համերգը, իսկ Դիփ Փարփլը ստիպված եղավ մի կլորիկ գումար վճարել բեմը և երաժշտական սարքավորումները վնասելու համար:
1971թ. թողարկվեց “Fireball” ձայնասկավառակը: Ճիշտ է “Fireball”-ը քիչ ավելի թույլ ստացվեց, քան “In Rock”-ը, բայց այստեղ էլ տեղ էին գտել հրաշալի կոմպոզիցիաներ` “The Mule”, “Fools”, “No, No, No”: “Deep Purple in Rock”-ով խումբը հասավ փառքի գագաթին, “Fireball”-ով ամրապնդեց:
Հաջորդ ձայնասկավառակը “Machine Head”-ն էր: 1972թ. խմբի անդամները հավաքվում են Շվեյցարիայի Մոնթերե քաղաքում, որպեսզի ավարտին հասցնեն ձայնագրությունները: Որոշված էր, որ ձայնագրությունը պետք է կատարվի քաղաքի կազինոներից մեկի դահլիճում: Ձայնագրությունից մեկ օր առաջ այդ դահլիճում ելույթ էր ունենալու Ֆրենկ Զապպան և իր խումբը: Դիփ Փարփլի անդամները չէին կարող բաց թողնել այդ հրաշալի երաժշտի ելույթը, և ամբողջ կազմով ներկա էին: Համերգի կեսին հրդեհ է բռնկվում: Բարեբախտաբար զոհեր չեն լինում` բոլորը հասցնում են դուրս գալ դահլիճից, բայց դահլիճը ամբողջովին վառվում է:
Այդ դեպքից հետո, ծնվում է Դիփ Փարփլի ամենանշանավոր “Smoke on the Wather” երգը: Շուտով ձայնագրություններն ավարտվեցին, և “Machine Head”-ը պատրաստ էր: Այն շատ հաջող ստացվեց: Ձայնասկավառակի բոլոր երգերն էլ հրաշալի էին ստացվել և այն իր հզորությամբ կարող էր մրցել “In Rock”-ի հետ: Ձայնասկավառակի թողարկումից հետո խումբը մեկնում է ԱՄՆ` մեծ համերգային շրջագայության:Շրջագայությունից անմիջապես հետո խումբը պատրաստվում է ձայնագրել հաջորդ` “Who Do We Think We Are?” ձայնասկավառակը, բայց սկսվում են տարաձայնություններ խմբի անդամների միջև և որոշվում է ընդհատել ձայնագրությունները և մեկնել նոր համերգային շրջագայությունների: Առաջինը Ճապոնիան էր: Այստեղ Դիփ Փարփլին ընդունեցին մեծ խանդավառությամբ` ծաղիկներով, նվերներով և խմբի պաստառներով: Դիփ Փարփլը իրեն արդարացրեց` տալով մի քանի մեծ համերգներ, որի արդյունքում ծնվեց “Made in Japan” համերգային ձայնասկավառակը: Ճապոնիայից հետո խումբը նորից ուղևորվում է ԱՄՆ: Հյուրախաղերի ժամանակ էլ Յան Գիլանը որոշում է կայացնում, կիսատ մնացած “Who Do We Think We Are?” ավարտին հասցնելուց հետո, հեռանալ խմբից:
Խումբը վերջացնում է հյուրախաղերը, մեկնում Գերմանիա և ավարտին հասցնում կիսատ մնացած “Who Do We Think We Are?”: Ձայնասկավառակը վատը չէր, բայց “In Rock”-ից և “Machine Head”-ից հետո Դիփ Փարփլից ավելին էին սպասում: Թողարկումից հետո Յան Գիլանը և Ռոջեր Գլովերը հեռանում են խմբից:
Խմբի նոր անդամներն են դառնում Գլեն Հյուզը` բաս կիթառ ու վոկալ և Դեյվիդ Քովերդեյլը` հիմնական վոկալ: Նոր անդամներով Դիփ Փարփլը 1974թ. ձայնագրում է “Burn” ձայնասկավառակը: “Burn”-ը նոր հաջողություն չբերեց, բայց և չհիասթափեցրեց ունկնդիրներին: Դեյվիդ Քովերդեյլի ձայնը իր հզորությամբ չէր կարող մրցել Յան Գիլանի ձայնի հետ, բայց նրա ներկայությունը նոր շունչ տվեց խմբին, նա ընդունվեց Դիփ Փարփլի սիրահարների կողմից: Ձայնասկավառակը բարձր տեղեր գրավեց “հիթ շքերթներում”: Թողարկումից հետո խմբին հրավիրում են հերթական հյուրախաղերի` ԱՄՆ: Դիփ Փարփլը որոշում է այս անգամ շրջագայությունները սկսել Եվրոպայից: Մի քանի համերգ տալուց հետո, խումբը մեկնում է ԱՄՆ: ԱՄՆ-ի շրջագայությունը սկսվեց Դեթրոյեթից և ավարտվեց Քալիֆորնիայի ռոք փառատոնով` որտեղ 250.000 հանդիսատեսների առաջ ելույթ ունեցան Emerson, Lake and Palmer-ը, Eagles-ը, Yes-ը և համերգը եզրափակեց Դիփ Փարփլը, հերթական Բլեքմորի սարքած շոուով, որի ժամանակ Ռիչին կիթառով ջարդուփշուր արեց ժամանակ առ ժամանակ իրեն մոտեցող տեսախցիկը և վերջում էլ բեմը կրակի տվեց: Այս համերգը ամբողջությամբ տեսագրվեց ABC հեռուստաընկերության կողմից, և հետագայում թողարկվեց տեսաերիզը:
1974թ. վերջում թողարկվում է հերթական “Stormbringer” ձայնասկավառակը: Ձայնասկավառակում զգացվում էր ոճի փոփոխում դեպի ֆանք և բլյուզ, որը չէր գոհացնում Ռիչի Բլեքմորին, և նա որոշում է հեռանալ խմբից: 1975թ. Ռիչի Բլեքմորը հայտարարում է խմբից հեռանալու մասին: Լորդն ու Փեյսը և մենեջերներ` Էդվարդսն ու Քոլլեթը որոշում են դադարեցնել խմբի գործունեությունը: Դիփ Փարփլը հասել էր այն ամենին, ինչին կարող էր: Այդ մտքի հետ համաձայն չէին Քովերդեյլն ու Հյուզը: Մի անգամ, ուշ երեկոյան, Քովերդեյլը զանգահարում է Լորդին և առաջարկում լսել մի կիթառահարի ձայնասկավառակ, որը ըստ նրա, կարող է Բլեքմորին փոխարինել: Այդ կիթառահարը Թոմի Բոլինն էր: Բայց առաջանում են խնդիրներ: Առաջինը, որ Բոլինը ջազ-ռոք ոճի կիթառահար էր, երկրորդը, նա ամերիկացի էր և ոչինչ չգիտեր Դիփ Փարփլի մասին: Այնուամենայնիվ Լորդը համաձայնվում է, Թոմին էլ ընդունում է Դիփ Փարփլի առաջարկը:

1975թ. ամռանը Դիփ Փարփլը, Թոմի Բոլինի հետ թողարկում է “Come Taste the Band” (Փորձիր ճաշակել խումբը) ձայնասկավառակը: Բոլինը լավ էր նվագում, բայց չկար Դիփ Փարփլի ոճը, դրան նպաստում էին նաև Հյուզն ու Քովերդեյլը: Եվ այստեղ պարզվում է, որ Թոմի Բոլինը թմրամոլ է: Նա պարբերաբար հերոյին էր օգտագործում, մի անգամ էլ ելույթից առաջ, հերթական հերոյինի չափաբաժին ընդունելուց հետո, ի վիճակի չի լինում նվագելու: Այս և այլ, մեծ ու փոքր խնդիրները լցրեցին համբերության բաժակը և 1976թ մարտի 16-ին Լիվերպուլ քաղաքում տեղի ունեցավ Դիփ Փարփլի վերջին համերգը: Մի քանի ամիս անց` հուլիսի 6-ին, խումբը հայտարարեց կազմալուծվելու մասին որոշումը:
8 տարի անց` 1984թ. Յան Գիլանի նախաձեռնությամբ, Դիփ Փարփլը հավաքվեց իր դասական դարձած կազմով` Ջոն Լորդ, Ռիչի Բլեքմոր, Յան Փեյս, Ռոջեր Գլովեր, Յան Գիլան: Խումբը թողարկեց “Perfect Strangers” ձայնասկավառակը, որը դարձավ “պլատինե”: Սկավառակից հետո, Դիփ Փարփլը մեկնում է հյուրախաղերի: Հաջորդ ձայնասկավառակը` “The House of Blue Light” թողարկվեց 1987-ին: Այս ընթացքում նորից սկսվեցին անհամաձայնությունները խմբի ներսում: Բլեքմորը դժգոհ էր Գիլանից: Այս մթնոլորտը գնալով սրվում էր և հերթական համերգային` “Nobady’s Perfect” ձայնասկավառակից հետո Գիլանը կրկին հեռանում է խմբից: Նրա փոխարեն, Բլեքմորի պահանջով հրավիրվում է Ջո Լին Թերները, որը Բլեքմորի հետ աշխատել էր Rainbow խմբում:
Այս կազմով 1990թ. խումբը ձայնագրում է “Slaves & Masters” ձայնասկավառակը: Ձայնասկավառակը ավելի շատ հիշեցնում էր Ռեյնբո խումբը, անգամ կատակում էին, որ Դիփ Փարփլը դարձել է Ռեյնբոյի մասնաճյուղը: Թողարկումից հետո, խմբի մյուս անդամների ճնշմամբ, Թերները թողնում է խումբը և նորից վերադառնում է Գիլանը: 1993թ. թողարկվում է “The Battle Rages on…” ձայնասկավառակը և խումբը մեկնում է հերթական շրջագայությունների: Մի քանի համերգ տալուց հետո, Ճապոնիայում կայանալիք համերգից առաջ, Բլեքմորը հեռանում է խմբից, անելանելի վիճակում դնելով խմբին: Սակայն նրան շուտափույթ փոխարինող են գտնում ի դեմս մեկ այլ տաղանդավոր կիթառահարի` Ջո Սաթրիանիի: Դիփ Փարփլը, Սաթրիանիի հետ ավարտին է հասցնում նախատեսված շրջագայությունները:
Շրջագայություններից հետո խումբը նոր կիթառահար է փնտրում: Այդ կիթառահարը դառնում է Սթիվ Մորսը: Խմբի ներսում մթնոլորտը խաղաղվում է և 1996թ. Դիփ Փարփլը թողարկում է իր հաջորդ “Purpendicular” ձայնասկավառակը:
Խումբը պարբերաբար համերգային շրջագա յու-թյուններ անցկացնելով 1998 ձայնագրում է ևս մեկ` “Abandon” ձայնասկավառակը: 1999թ. կայացավ համերգ սինֆոնիկ նվագախմբի հետ: Այն նվիրված էր “Concert for Group and Orchestre” նախագծի 30 ամյակին: Համերգին մասնակցում են ճանաչված շատ երաժիշտներ: Տարվա վերջին թողարկվեց այդ` “Live at the Royal Albert Hall” համերգային սկավառակը: 2001թ. Ջոն Լորդը ծնկի վիրահատություն տանելուց հետո, թողնում է խումբը: Նրան փոխարինում է Դոն Էյրին: Այս կազմով 2003թ. խումբը ձայնագրում է “Bananas” ձայնասկավառակը: Թողարկումից հետո Դիփ Փարփլը մեկնում է նոր համերգային շրջագայությունների:
2005թ. թողարկվեց ևս մի ձայնասկավառակ` “Rapture of the Deep” և նորից նոր շրջագայություններ` ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստան, Չինաստան: 2010 մայիսի 25-ին Երևանում կայացավ Deep Purple-ի համերգը :Համերգը հիրավի կարելի էր անվանել պատմական,և ոչ միայն Հայաստանի համար:Դահլիճում ներկա էին բազմաթիվ երկրպագուներ Վրաստանից, Իրանից:

Banners